կարևոր
1621 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-21 17:10

Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն աշխատանքի են անցնում առավոտյան ջերմաչափումից հետո

Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն աշխատանքի են անցնում առավոտյան ջերմաչափումից հետո

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Երևանում երթուղային տրանսպորտի վարորդներն առավոտյան` նախքան աշխատանքի անցնելը, պարտադիր ջերմաչափվում են: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Առավոտյան ջերմաչափումներ կատարվում են իրենց անցակետերում, որտեղ գալիս, ստանում են փաստաթղթերը, որ դուրս գան երթուղի: Որոշակի խմբի ներկայացուցիչների, այսինքն՝ տարեցներին և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առաջին իսկ օրվանից հորդորվել է աշխատանքի չգալ: Եվ այդ վարորդներն աշխատանքի չեն գալիս»,-ասել է Հարությունանը:

Նա վստահեցրել է, որ մնացած բոլոր աշխատակիցներն անցնում են ստուգում: Հարությունյանի խոսքով` այս հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: