կարևոր
1066 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 16:45

Ուղևորափոխադրող մի քանի ընկերություններ նվազեցրել են վարորդներից ստացվող պլանի չափը

Ուղևորափոխադրող մի քանի ընկերություններ նվազեցրել են վարորդներից ստացվող պլանի չափը

Երևանում ուղևորափոխադրում իրականացնող մի շարք մասնավոր ընկերություններ վարորդներից օրական պլանով ստացվող գումարի չափը նվազեցրել են: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե արտակարգ դրության պայմաններում մասնավոր փոխադրողների կողմից սպասարկվող գծերի վարորդներն արդյոք պարտադրվա՞ծ են վճարել օրական պլանի գումարը:

«Ես տեղյակ եմ, որ մասնավոր ուղևորափոխադրող մի շարք ընկերություններ որոշակի փոփոխություններ են կատարել վարորդներից ստացվող պլանի հարցում և նվազեցրել են այդ տուրքերը»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ քաղաքապետարանը, կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում նաև որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ մասնավոր ընկերությունների` երթուղիները սպասարկող տրանսպորտը նույնպես ախտահանվում է: Երևանում գործող բոլոր մասնավոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են քաղաքի միջոցներով: Ախտահանում իրականացնում է նույն ընկերությունը, որը ախտանում է նաև մետրոյի վագոնները: