Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը՝ վերջին վճարումը սահմանելով հունիսի 25-ը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ պաշտոնական կայք էջը:
Որոշումը կայացրել է համալսարանի գիտական խորհուրդը: Մինչև արտակարգ դրության ավարտը դադարեցված են համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները համալսարանի տարածքում, համալսարանական հիվանդանոցներում, համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսերում դասընթացները կվերսկսվեն ապրիլի 15-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ ապրիլի 20-ից: Դասերի մեկամսյա հետաձգման դեպքում ուսումնական գործընթացը՝ ներառյալ ատեստավորումները, իրականացվելու են համաձայն համալսարանում գործող համապատասխան կարգերի:
Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ZOOM հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը՝ zoom.us կայքից: Առցանց դասավանդման ներդրման դեպքում կներկայացվի ամբողջ ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: