կարևոր
2073 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-21 12:05

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է․ Թաթոյանն այցելել է «Արև երեխաներ» ՀԿ

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day): Օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Արև երեխաներ» հասարակական կազմակերպություն, որտեղ հանդիպել է դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ։

«Էլիզիկը, Արմանը, Մոնթեն, Գրետան և մյուսները վաղուց արդեն մեր ընկերերն են: Նրանք ընդգրկվում են մեր միջոցառումներին՝ իրենց կարողություններով կոտրելով կարծրատիպեր:

Ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի հետաձգեցինք նախատեսած բարեգործական միջոցառումը, բայց առաջիկայում գաղափարն իրականացնելու այլ առիթ կունենանք:

Մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ խոսելու նրանց բոլորի հետ ինտեգրելու կարևորության մասին: Այս գործում մեծ աշխատանք է կատարում «Արև-երեխաներ» ՀԿ-ն՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան ղեկավարությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը։

 «Տրիսոմիա 21-ի հետազոտությունների ֆրանսիական ասոցիացիա»-ն (ՏՀՖԱ), որը հիմնադրվել է 1990 թվականին, ստեղծվել է աջակցելու Դաունի համախտանիշի (Տրիսոմիա 21) մասին բժշկական և գիտական զարգացումներին։ 2005 թվականին Ասոցիացիան որոշում կայացրեց խորհրդանշական օր սահմանել երրորդ ամսի՝ մարտի 21-րդ օրը: «21»-ը խորհրդանշական թիվ է ընտրված, քանի որ հենց 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը:  

2007-ի դեկտեմբերի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչեց մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր։ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2011-ի դեկտեմբերի 19-ին օրն ավելացրեց հիշարժան օրերի ցանկում։ 2012-ից ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին, միջազգային և տեղական կազմակերպություններին, ինչպես նաև մասնավոր սեկտորին ուշադրություն հրավիրել Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին։

Այս օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, քննարկումներ, որոնց նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Հանրային միջոցառումները նաև նվիրված են իրավունքների իրացմանը,ներառականությանը և կարծրատիպերի կոտրմանը։

Ամեն տարի աշխարհում շուրջ 5000 երեխա է ծնվում դաունի համախտանիշով: Հայաստանի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, բայց մոտավոր հաշվարկներով տարեկան 40-45 նորածնի մոտ հայտնաբերվում է Դաունի համախտանիշ: Դաուն հիվանդությամբ տառապող երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուս երեխաները, բայց լիովին ունակ են սովորելու:

Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» բժշկական համալիրի «Արբես» առողջության կենտրոնում` իր մարզային մասնաճյուղերով, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում: