ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացնի մշակութային մի շարք հաստատությունների ախտահանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք ունենք պարետատան պարետի կողմից որոշում՝ մշակութային հաստատություններն ախտահանելու մասին։ Առաջիկա շաբաթներին անպայման այդ գործընթացը կիրականացնենք։ Դրանց թիվը մեծ չէ, կարծում եմ՝ կարճ ժամանակում կարող ենք դա իրականացնել»,- նշեց Հարությունյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: