ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված մի շարք հաջողված ծրագրեր տեղափոխվել են նաև վիրտուալ հարթակ: Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նա նշեց, որ կիրագործվի Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները:
Կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ցույց տալով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ:
«10 կամ 12 հոլովակով մենք ճանաչելի կդարձնենք տաղանդավոր երիտասարդներին և կբարձրափայնենք, որ աշխատասիրության, ջանասիրության արդյունքում անգամ միջազգային հաջողությունների կարելի է հասնել: Ե՛վ ճանաչողական, և՛ կրթական խնդիրներ ենք լուծելու այդ նախագծով»,-շեշտեց Խզմալյանը:
Առանձին նոր ծրագրով հանդես կգա «ԴԱՍ Ա» նախագիծը, որը նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման հնարավորություններ է տալիս, իսկ Digital Arms հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախբի կատարումները: «Թվային տիրույթում ժամանցի կազմակերպման նպատակով լուրջ ծրագրեր ենք քննարկվում նվագախմբի հետ»,-նշեց նախարարի տեղակալը: