կարևոր
1615 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-20 20:33

Ուզում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում. Խոակին Կապարոս

Ուզում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում. Խոակին Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խանդավառված է նոր աշխատանքով` ազգային ընտրանին գլխավորելու մարտահրավերով: «Դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ: Ուզում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կապարոսը:

Նա շեշտել է, որ Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով, որ այստեղ են աշխատում Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը:

«Նրանք իմ ուսուցիչներն են եղել: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին այն ծրագրերը, որոնք ունի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և խոսեցի ֆեդերացիայի նախագահի հետ, հասկացա, որ նա լուրջ ծրագրեր ունի»,-շեշտել է նա:
Անդրադառնալով այն փաստին, որ երբեք չի մարզել հավաքականներ, իսպանացի մասնագետը նշել է, որ թեպետ մինչև այս աշխատել է միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները:

«Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ֆուտբոլիստներ և հարմարեցնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին: Սակայն մարզիչն ընտրում է իր մարտավարությունը` հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծելը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ լինելով հավաքականի ֆուտբոլիստ՝ ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում»,-ասել է նա:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և հատկապես «Սևիլիա»-ում մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։