կարևոր
1112 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 18:23

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք ուսանողների համար

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք ուսանողների համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը:

Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին:

Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի - գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն):

Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները:

Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն [email protected], իսկ ֆիզիկներն ու մաթեմատիկոսները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ):

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի: