կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 14:49

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Շարունակվում են Մ6՝  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը‚ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի պատասխանատուներն այցելել են շինհրապարակներ՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի‚ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք‚ որ ծրագրի շրջանակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհի վրա, սակայն, որոշ դեպքերում ճանապարհի որոշ հատվածների համար նախատեսվել է ծրագծի փոփոխություն կամ ճանապարհի լայնացում, ինչի հետևանքով առաջացել են հողերի օտարման և փոխհատուցման հարցեր։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը հանձնարարել է մասնագետներին հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել հողերի օտարման գործընթացը և տարածքները հանձնել շինարարներին։

Շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության կողմից հաստատում ստանալուց և եղանակային պայմանների կայունացումից հետո ասֆալտապատումը կշարունակվի։