կարևոր
854 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 14:40

Վարչապետն ընդունել է ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին: Հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակվում է Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր գերատեսչությունների ղեկավարի պաշտոններում նշանակվելու առիթով: Հայաստանում նոր նշանակումներից հետո ընդունված է նոր պաշտոնյաներին ներկայացնել անձնակազմներին, բայց այսօր որոշեցի ձևաչափը փոխել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ձևաչափի փոփոխությունը երկու պատճառ ունի:

«Նախ, որովհետև արդեն իսկ, որպես ղեկավար, ձեզ ներկայացրել եմ ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներին, դեռևս այդ պաշտոններում ձեր պաշտոնակատար նշանակվելու օրը: Եվ երկրորդը՝ մեր արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի պայմաններում չցանկացա ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն իրականացնել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ և ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք այս օրերին կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարում աջակցում են Առողջապահության նախարարության աշխատակիցներին ու բուժաշխատողներին:

Մարտի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Արման Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 136 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: