կարևոր
2392 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 14:10

Ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիրներ ունեցող անձինք օրական 400 զանգ են կատարել ԿԲ «թեժ գիծ»

Ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիրներ ունեցող անձինք օրական 400 զանգ են կատարել ԿԲ «թեժ գիծ»

Կենտրոնական բանկի «թեժ գիծը» Հայաստանում կորոնավիրուսի տարածման, արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին ստացել է օրական մոտ 400 զանգ` ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնություններ ունեցող քաղաքացիներից: Հիմա արդեն զանգերի թիվը նվազել է: Այս մասին արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսումի ժամանակ հայտնել է  ՀՀ  կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

««Թեժ գիծ» ունենք, և բավականին շատ զանգեր են ստացվում տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնությունների մասով: Եվ մենք կարողանում ենք ուղղորդել, որպեսզի այդ անհամաձայնությունները հարթվեն: Առաջին մի քանի օրերի ընթացքում օրական 400 զանգ է եղել մեր «թեժ գծին», սակայն վերջին օրերին զանգերի քանակն աստիճանաբար նվազում է, ինչը վկայում է, որ կարծես թե գործընթացն ավելի արդյունավետ է դարձել»,-ասել է Ստեփանյանը, հիշեցնելով, որ ֆինանսական կազմակերպություններն անհատական մոտեցումներ են ցուցաբերում:

«Կան բանկեր ու վարկային կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս  իրենց հաճախորդներին որոշակի ժամանակով վճարումները չիրականցնել: Մոտեցումները տարբեր են: Եթե  հաճախորդն ունի դժվարություններ և կարող է հանգամանորեն ներկայացնել դրանք, բանկերը կամ վարկային կազմակերպություններն այսօր պատրաստ են վերաձևակերպել այդ պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա, և վարկային պատմությունը բացասական չդառնա»,-ասել է Արթուր Ստեփանյանը։