կարևոր
1853 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 12:16

Արցախի հսկիչ սահմանային կետերում իրականացվում են համալիր միջոցառումներ

Արցախի հսկիչ սահմանային կետերում իրականացվում են համալիր միջոցառումներ

Մարտի 14-ից սկսած՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում Աղավնո ու Խարխափուտ հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից սկսած՝ նման միջոցառումներ են իրականացվում նաև Խնձորեսկ և Կապան-Կովսական սահմանային հսկիչ կետերում: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակագրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ բոլոր հսկիչ կետերն ապահովված են հակահամաճարակային միջոցառումներ իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով:

Պետական նախարարի խոսքով՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը և, դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով, ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումներ:

Անդրադառնալով հսկիչ կետերում ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ասել է, որ  դեռևս ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվելուց հետո հանձնարարվել էր Արցախի տարածք մուտք գործող անձանց հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:

Լ. Մնացականյանը հավաստիացրել է, որ ոստիկանությունն ի զորու է և պատրաստակամ՝ կատարելու վարակի ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման ուղղված աշխատանքները:

Անդրադառնալով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող համալիր միջոցառումներին՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն ասել է, որ թե՛ կենտրոնական ենթակայության, և թե՛ տարածքային ստորաբաժանումներում հերթապահությունն իրականացվում է հավուր պատշաճի:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ լրացուցիչ արագ արձագանքման ստորաբաժանման կողմից հսկիչ անձնագրային կետերում տեղակայվել են երկու օպերատիվ խմբեր, որոնք զինված են  համապատասխան սարքավորումներով և ախտահանիչ նյութերով:

«Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքեր արձանագրվելու դեպքում իրականացվում է ավտոմեքենաների ախտահանում, և կասկածելի վարակակիրները տեղափոխվում են մեկուսարաններ: ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպվում է նրանց վերադարձը ՀՀ կամ էլ մոտակա բնակավայր»,- ավելացրել է ԱԻՊԾ տնօրենը:

Հիշեցնենք, որ, ԱՀ կառավարության որոշմամբ, Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով կսահմանափակվեն նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապետական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց և այլ բացառիկ դեպքերի: Հսկիչ անձնագրային կետերում էլ կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապատեկան ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց այցերը նախապես համաձայնեցվել են Արցախի իշխանությունների հետ և այլ բացառիկ դեպքերի: