Դատախազությունը Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացնելու։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
,Դատախազությունն այդ գործով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք չի ներկայացնելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանն այդ որոշմամբ հիմնավոր է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ նշելով դրա հիմնավորումները, ինչը վիճարկելու բավարար հիմքերը բացակայում են:
Քրեական գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր քննչական, դատավարական այլ գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել են մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ազատության մեջ գտնվելու պայմանները խախտելու ռիսկերը:
Այդ պայմանների խախտման փաստ հայտնաբերվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կրկին կներկայացվի կալանքի միջնորդությունե,- ասաց Խաչատրյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը պարզաբանեց, որ կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ:
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, որի հետևանքով Մխիթարյանը 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ արձակվել 1,5 միլիոն գրավի դիմաց։