կարևոր
1063 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 17:47

ՊԵԿ նախագահը կորոնավիրուսով պայմանավորված կանխատեսում է պետբյուջեի հարկային եկամուտների թերակատարում

ՊԵԿ նախագահը կորոնավիրուսով պայմանավորված կանխատեսում է պետբյուջեի հարկային եկամուտների թերակատարում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կորանավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում կանխատեսում է, որ պետբյուջեի հարկային եկամուտները կթերակատարվեն, սակայն վստահեցնում է` պետությունն ունի հնարավոր դժվարությունները մեղմելու բոլոր միջոցները: Անանյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում` անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում հարկերի հնարավոր թերահավաքման մասով ինչ քալեր են ձեռնարկելու, ինչպես է լրացնելու բացը:

«Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու է օժանդակություն այն ծրագրի շրջանակում, որի առաջին փուլի նախագիծն այսօր քննարկվել է կառավարությունում: Ինչ վերաբերում է հարկային եկամուտների կատարմանը կամ չկատարմանը, վարչապետը շատ ավելի գլոբալ խնդիրներ առաջ քաշեց իր ելութում և ասաց, որ երեկվա աշխարհը, երեկվա տնտեսությունն այլևս գոյություն չունեն: Եվ, եթե երեկվա աշխարհը գոյություն չունի, համաշխարհային տնտեսության մեջ ենթադրվում են վերափոխումներ, համաշխարհային մակարդակով ականատես ենք լինելու կոլափսների: Եվ այսօր լոկալիզացնել այս խնդիրը և առաջին հերթին խոսել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին, ես կարծում եմ, որ դա հիփոթետիկ հարց է: Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես և ոչ ոք պատրաստ չէ այս պահին ասել»,-ասաց Անանյանը:

Նա վստահեցրեց` անում են ամեն ինչ, որ հարկային վարչարարությունը, հարկային վարքագիծը պահպանվի: Անանյանը շեշտեց` բոլոր զարգացումներին պատրաստ են: «Կան նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու թե աղբյուրներ, թե հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության՝ առաջիկայում սպասվող դժվարությունները»,-եզրափակեց նա: