Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկություններ է տրամադրել 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։
Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։
Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։
«Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էրկայացրել։
Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված պատասխան գրությունը, դրանում օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, այնումենայնիվ, հանրային ծառայողի վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովն իրավաչափ հիմք չունի այն որակել որպես վարքագծի կանոնի խախտում և այդ հիմքով առաջարկել Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառել։