կարևոր
1422 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 17:06

Պատգամավորները մարտի պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու պատգամավորները մարտ ամսվա համար տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»,- գրել է Միրզոյանը: