Պետությունը ներկայում աշխատում է օրենսդրական նախաձեռնության շուրջ, որը, ըստ էության, պատասխանատվություն կսահմանի այն դեպքերի համար, երբ անձը, համաճարակաբանական ցուցումներով ինքնամեկուսացման պարտադրված լինելով, կխախատի այն:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Աստիճանաբար վիրուսի տարածմանը զուգընթաց ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից և ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա: Իհարկե, երկրներ կան, որոնք նաև դրա խախտման համար նախատեսում են պատասխաատվություն, ինչը նաև արվելու է Հայաստանում: Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին պարտադրված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Եվ մենք հիմա աշխատում ենք այդ օրենքների նախագծի վրա»,-ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց` դա անում են նրա համար, որ մարդիկ հասկանան` սա 1-2 ամսվա խնդիր չէ, և շփումները սահմանափակելը, պաշտպանիչ միջոցառումները պետք է շարունակվեն նունիսկ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո: Պաշտպանությունը պայմանավորված չի լինելու միայն արտակարգ դրությամբ: