կարևոր
1069 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 15:02

Վերին Լարսի անցակետում կա մոտ 140 ՀՀ քաղաքացի․ տեղում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը

Ներկայում Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մանրամասնելով, որ  Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է նրանց սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները: 

«Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը։ Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ: 

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը»,- նշվում է հայտարարության տեքստում: