կարևոր
1021 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 14:40

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, ջերմել է միայն մեկը

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, ջերմել է միայն մեկը

Իտալիայից  հատուկ չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկի ջերմությունը բարձրացել է: Վերջինս կանցնի թեստավորում՝ նախքան կարանտինային ժամկետի ավարտը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրեթե բոլորն իրենց լավ են զգում: Միայն երեկ մեկ պացիենտի ջերմության բարձրացում է եղել: Նրան տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք: Մնացած բոլորին թեստավորելու են միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի գործնականում առողջ մարդիկ են: Նույնիսկ, եթե նրանց մոտ վիրուսը առկա է, 14-րդ օրվա վերջում այն պարզապես դուրս գալով օրգանիզմից, «բուժվելով», մեզ հնարավորություն կտա միանգամից ստանալ բացասական պատասխան»,- ասաց Թորոսյանն ու նշեց` հիմա թեստավորելու իմաստ չի տեսնում:

Նախարարը նշեց` դրանում համոզվել են, երբ մյուս օջախի հետ կապված անձանց` առանց նախանշանների թեստավորել են և հայտնաբերել մոտ 18 դեպք: Նա նկատեց` փաստացի դրա արդյունքում թվերն ավելացել են 18-ով,  եթե թեստ չանեին, չէր էլ լինի: Հետևաբար, նախարարը մեկուսացված անձանց թեստավորելու իմաստ չի տեսնում, քանի դեռ նրանց մոտ չի առաջացել որևէ գանգատ և չի լրացել կարանտինի ժամկետը:

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: