ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ալֆրեդ «Ալ» Ուորդենը, որը թռել էր Լուսին, սակայն ոտք չէր դրել լուսնային մակերեսին, մահացել է կյանքի 89-րդ տարում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՆԱՍԱ-ն խորագին ցավակցություն է հայտնում Ալ Ուորդենի հարազատներին և ընտանիքին, նրա նվաճումները տիեզերքում և Երկրի վրա չեն մոռացվի»,- ասվում է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնի հայտարարության մեջ:
Ալֆրեդ Ուորդենը Լուսին էր ուղևորվել որպես «Ապոլոն-15» տիեզերանավի հրամանատարական մոդուլի օդանավորդ: Այդ ժամանակ վերջինս համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես «ամենամիայնակ մարդը». մինչդեռ նրա թիմի անդամները քայլում էին Լուսնի մակերևույթով, նա գտնվում էր բոլորից 3596 կմ հեռավորությամբ:
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի համաձայն՝ 1971 թվականին Ուորդենը կառավարել է տիեզերանավի հիմանկան մոդուլը, որը պտույտներ էր գործում ուղեծրում, երբ Դևիդ Սքոթն ու Ջեյմս Իրվինը Լուսնի վրա էին գտնվում: Նա գտնվել է մյուս տիեզերագնացներից առավելագույն հեռավորության վրա: