կարևոր
839 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 22:10

Աթենա Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան թիմին իրեն սատարելու և հավատալու համար

Աթենա Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան թիմին իրեն սատարելու և հավատալու համար

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը մրցույթի պաշտոնական չեղարկումից հետո գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հորդորելով իր թիմին չհուսահատվել: Երգչուհին շեշտել է, որ իրենց աշխատանքն անպայման կգնահատվի, և ամեն բան դեռ առջևում է:

«Թանկագիններս, վերջ: Պետք է իմանալ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ծրագրել, ուրեմն ավելի լավ բան է տեղի ունենում: Հիմա ես հավատում եմ դրան: Բարին դա էր:  Ժամանակը դա ցույց կտա»,-  նշել է երգչուհին:

Նա շեշտել է՝ երջանիկ է, որ ծանոթացել է զարմանալի, թանկ և յուրահատուկ մարդկանց՝ իր թիմի՝ հայկական ընտանիքի հետ: «Նրանք քրտնաջան են աշխատել և իրապես հավատացել են ինձ: Դա ամենամեծ նվերն է: Համբերատար եղեք, երբեք մի հուսահատվեք և հիշեք, որ անձրևից հետո միշտ ծիածան է լինում: Անկախ ամեն ինչից, մեր աշխատանքը կգնահատվի: Սիրում եմ ձեզ և ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեր սիրո և աջակցության համար: Խնդրում եմ, հո՛գ տարեք ձեր մասին: Լավագույնը դեռ առջևում է: Կհանդիպենք»,-եզրափակել է Աթենան:

«Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասին մարտի 18-ին հաղորդագրություն էր տարածել  Եվրոպական հեռարձակողների միությունը: Աթենա Մանուկյանը Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ  «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս էր հանձնել երաժշտասերների դատին»: