կարևոր
1188 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-18 21:58

Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Նիստի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,
Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել և նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակումներ են կիրառվել հավաքների, մասնավորապես հարսանիքների, նշանդրեքների, նույնիսկ հոգեհանգիստների ու հուղարկավորությունների առումով: Եվ պետք է նաև գնահատենք այդ սահմանափակումների արդյունավետությունը: Կարծում եմ ամեն մարզպետ ամեն մարզում, ամեն համայնքում իրականացվող միջոցառումների մոնիտորինգը պետք է իրականացնի:
Մենք, իհարկե, կլսենք պարոն Թորոսյանին կորոնավիրուսի վարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով, ինչպես նաև կլսենք նոր առաջարկներ, որոնք կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշումներ»:

Իր հերթին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը մանրամասնում է, որ․ 

✅Նիստին մանրամասն քննարկվել է հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:

✅անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծվել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները:

✅ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:

✅ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը: