կարևոր
880 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 21:39

ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար

ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար

 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը։ Հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,- նշեց Ավագյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: