12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արտակարգ դրության պարետատանը շրջանառության մեջ է դրվել ընկերությունների աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցներ տրամադրելը գործատուի համար պարտադիր դարձնող ցուցման նախագիծ: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Քաղաքացիները նշում էին, որ գործիքակազմ չկա, որպեսզի գործատուներին պարտադրվի աշխատողներին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով, ինչպես նաև պարտադրվի ապահովել Հայաստանում գործող սանիտարահիգիենիկ նորմերը՝ հաշվի առնելով վարակի սրացումն ու հնարավոր ռիսկերը: Այդ նպատակով, մեր կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է, կարծում եմ՝ մինչև օրվա վերջ կունենանք վերջնական տեսքը, որն էլ ուժի մեջ կմտնի»,- ասաց Ավագյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: