կարևոր
964 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 16:57

Հայաստանի երկաթուղային տրանսպորտում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ

Հայաստանի երկաթուղային տրանսպորտում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ

 Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ստորև ներկայացնում ենք  ձեռնարկվող միջոցառումները․

Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:

Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն:

Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:

Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ:

Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: