Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ Նա հորդորեց ՀՀ քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։
«Եգիպտոսում մեր դեսպանատունը հայտնել է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50 տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխից Երևան չվերթ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, երբ մարտի 19-ից հետո կիրականացվի հաջորդ չվերթը դեպի Երևան։ Այսպիսով, մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել հենց այդ չվերթից»,- ասաց Նաղդալյանը:
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ չվերթով Երևան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին շտապ կապ հաստատել դեսպանության հետ՝ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], թեժ գծով՝ +201207050580, Viber՝ +201207050580, WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580
Իր հերթին Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից։ Նա քաղաքացիներին կոչ արեց Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։
«Բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում ենք որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ»,- նշեց Արտակ Ավետիսյանը։