կարևոր
757 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-18 15:12

Տեղի է ունեցել Էրդողանի, Անգելա Մերկելի, Մակրոնի և Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը տեսակապի միջոցով

Տեղի է ունեցել Էրդողանի, Անգելա Մերկելի, Մակրոնի և Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը տեսակապի միջոցով

Մարտի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է տեսակապի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ղեկավարները քննարկել են համաճարակի դեմ պայքարում համատեղ գործողությունների հնարավորությունը, սիրիական ճգնաժամի լուծման ուղիները, Իդլիբի հարցում մարդասիրական օգնության մեթոդները, ապաստան հայցողների հարցը, Լիբիայում վերջին զարգացումները և Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։

Այդ կապակցությամբ Էրդողանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում. 

«Տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում բարդ ժամանակների միջով ենք անցնում, որի ընթացքում ավելի ակտիվորեն ենք կիրառելու դիվանագիտությունը և համագործակցության մեխանիզմները, մեր աշխատանքները վճռականորեն շարունակելու ենք խնդիրները վայրկյան առաջ լուծելու համար»։

Տեսակապին ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։