կարևոր
1634 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 14:46

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես`օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման  գործարքներ`առանց համապատասխան լիցենզիայի։

Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում՝ Արտաշատում` շուկայի հարակից տարածքում, ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո արտարժույթի փոխանակում իրականացնելուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի Մրգավան գյուղի մի բնակիչ։ Վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում` արտարժույթ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  հորդորում  է  զերծ մնալ  հասարակական վայրերում, ինչպես նաև առևտրի կազմակերպման վայրերին հարակից տարածքներում առանց համապատասխան թույլտվության տարադրամի փոխանակման գործարքներ կատարելուց։