կարևոր
2921 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-18 11:54

Այս պահի դրությամբ Հայաստանում կա 84 վիրուսակիր, 444 մեկուսացված եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանում այս ընթացքում 700-ից ավելի թեստավորում է իրականացվել, վերջին տվյալներով հաստատվել է 84 դեպք, որոնցից 17-ը՝  որեւէ գանգատ չի ունեցել։

«Մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի գանգատ չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա։

Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացման  անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ։ 

2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 36․7։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով իրավիճակը բավականին լավ է»,- նշել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր երեկվա շրջայցին, որի ընթացքում որոշ դեղատներում սպիրտի ու ալկոգելի պակասի մասին խոսվեց, Փաշինյանը նշեց, որ 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում Հայաստանում ամեն օր, դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, և այն փաստը, որ որոշ դեղատներում ալկոգել չկա, ցույց է տալիս, որ քաղաքացիները խուճապային գնումների են գնացել, մարդկանց տներում կա կուտակված ալկոգել:

Նա նշեց, որ 3 ընկերություն կա, որ արտադրում է ալկոգել, առաջիկա օրերին 4-րդ ընկերությունը ևս կարող է ի հայտ գալ. - «Ալկոգելի պակաս երկրում չկա»: