կարևոր
1929 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 18:51

Նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ ԱԱԾ

Նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ ԱԱԾ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ՝  ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու համար։

 Ծառայության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ  ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձին՝ մաքսային տեսուչին, 2015 թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից և Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես  շինարարական գիպս, նվազեցնելով մաքսային արժեքը, և ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել և իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։

Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով կոպիտ կերպով խախտվել են նշված բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները, խաթարվել է ապրանքաշրջանառության հանդեպ հսկողության և հարկահավաքության բնագավառում պետական մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է պետական մարմինը, անհավասար վիճակում են հայտնվել նույնանման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները և բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանցագործություն կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել  է նյութական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս 2018 թ. սեպտեմբերին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու  և այլ հանցադեպերին նրա առնչությունը պարզելու ուղղությամբ։