կարևոր
2079 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 17:37

Դատական դեպարտամենտը բոլոր դատարաններին տրամադրել է դիմակներ և այլ անհրաժեշտ միջոցներ

Դատական դեպարտամենտը բոլոր դատարաններին տրամադրել է դիմակներ և այլ անհրաժեշտ միջոցներ

Դատական դեպարտամենտը Հայաստանի բոլոր դատարաններին բաժանել է 50-ական դիմակ և զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել՝ դրա համար նախատեսված սարքավորումներով, ինչպես նաև անհրաժեշտ ախտահանիչ նյութեր: Ինչպես տեղեկացնում են Դատական դեպարտամենտից, առաջին խմբաքանակը նախատեսված է դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատական կարգադրիչների ծառայության համար:

«Ընթացիկ փուլում է դատարանների մյուս աշխատակիցներին վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով և ախտահանիչ նյութերով ապահովելու գործընթացը»,- նշեցին դատական դեպատամենտից։

Դատական դեպարտամենտը հորդորում է քաղաքացիներին դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դիմակներով և ձեռնոցներով:

«Դատարաններում, ըստ անհրաժեշտության, իրացվում են նաև աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունները, դրանք են՝ գրավոր ընթացակարգերը, էլեկտրոնային կապի միջոցները, հեռախոսակապը:

Հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվող, սոցհարթակներում ակտիվ գործունեություն ծավալող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց հորդորում ենք պատշաճ զսպվածություն դրսևորել դատարանների մասին մեկնաբանություններ անելուց:

Վստահեցնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտը 24 ժամյա ռեժիմով աշխատում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու, երկրում հաստատված արտակարգ ռեժիմի պայմաններում դատարաններն ախտահանելու և դատարանի աշխատակիցների և մեր քաղաքացիների առողջության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- նշեցին դատական դեպարտամենտից։