կարևոր
2280 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 09:07

Հայաստանի ողջ տարածքում 20 և ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներն արգելվելու են

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումներն արգելվելու են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։

Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն», -գրել է Ավինյանը։