Սահմանապահ ծառայությունը թույլատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։
Ավելի վաղ, Ամրամ Մակինյանը նշել էր, որ ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։
2020 թվականի փետրվարի 4-ին Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով, սակայն 3 ժամ անց նրան ազատ էին արձակել։
2019 թվականի նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։