կարևոր
1371 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-16 19:03

Կառավարությունը սահմանեց, թե ովքեր արտակարգ դրության ժամանակ կարող են մուտք գործել և լքել երկիրը

Կառավարությունը սահմանեց, թե ովքեր արտակարգ դրության ժամանակ կարող են մուտք գործել և լքել երկիրը

ՀՀ կառավարությունը 30 օրով արտակարգ դրություն հայտարարեց և սահմանեց, թե կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ովքեր կարող են մուտք գործել և ցամաքային ճանապարհով լքել Հայաստանի Հանրապետությունը:

«Անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց և նրանց ուղեկցողների, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձնանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք»,- նշվել է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, թե որ անձանց մուտքն է արգելվում ՀՀ տարածք:

«Արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այս կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները»,- ասաց նախարար Բադասյանը:

Արդարադատության նախարարը հավելեց, որ ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ՝ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և, եթե սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել:

«Պետական եկամուտների կոմիտեի կողմից, պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց մասնակի խմբաքանակների արտահանումը ՀՀ-ից դուրս, այդ թվում ԵԱՏՄ երկրների, կամ ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Արդարադատության նախարարը՝ պարզաբանելով, որ ներմուծումներն ու արտահանումները բնականոն հունով շարունակվելու են, բայց պարետի որոշմամբ առանձին ապրանքատեսակների մասով կարող են սահմանափակումներ կիրառվել, որը պետք է իրականացվի ՊԵԿ-ի կողմից: