20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում, մասնավորապես Հայաստանում և Իտալիայում:
Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված գործողությունների և քաղաքացիների պատասխանատու և կարգապահ պահվածքի անհրաժեշտությունը:
Սերջիո Մատարելլան ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը, վարակի հետագա տարածման կանխարգելման, հիվանդների բուժման և կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասների նվազեցման և վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:
Իր զորակցությունը հայտնելով Իտալիայի նախագահին և Իտալիայի ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նույնպես ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածման դիմակայմանը: Նախագահն ընդգծել է, որ նման համաշխարհային առումով վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում, երբ համաճարակների արագ տարածման ռիսկը ավելի մեծ է, անհրաժեշտ է գտնել համընդհանուր լուծումներ, փորձի և տեղեկատվության արագ փոխանակում:
Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ, պետություններից յուրաքանչյուրում իրականացվող միջոցառումներից անկախ, երկրների և համապատասխան կառույցների միջև համագործակցությունը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից նույնպես կարող է իր նպաստը բերել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նախագահները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել: