կարևոր
2224 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 18:15

Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը

Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը

ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: ՀՀ կառավարությունը Հայաստանում 30 օրով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել մարտի 16-ի նիստում:

Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: