կարևոր
2051 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 14:28

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ԱՆ-ի և այլ պատկան մարմինների հետ․ ՊՆ

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ԱՆ-ի և այլ պատկան մարմինների հետ․ ՊՆ

Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով և այլ միջոցներով:

Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»,-գրել է Շուշան Ստեփանյանը: