կարևոր
2308 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 13:20

Ծաղկաձորի հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները շնորհակալություն են հայտնել իրենց սատարելու համար

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված էջմիածինցիները շնորհակալություն են հայտնել աջակիցներին իրենց սատարելու համար: Այս մասին նրանք գրել են մի նամակում, որը հրապարակել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Գասպարյանը մարտի 16-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ հեղինակները խնդրել են ուղերձի տեսքով տարածել նամակն իրենց անունից: Նամակում հյուրանոցում մեկուսացվածները շնորհակալոթյուն են հայտնել բուժանձնակազմին, սպասարկող անձնակազմին, ոստիկաններին, ՀՀ կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և պետությանը՝ իրենց սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար: 

«Հարգելի՛ հայրենակիցներ...

Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ...մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար...Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ...Եվ սկսվում է բոլորովին նոր պատմություն ու էջ քո կյանքում: Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «Գոլդեն Փելիս»-ում:

Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։ Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում Պոտության հովանավորություն, հոգատարություն, աջակցություն: Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները»,-ասվում է նամակում:

Համաքաղաքացիները նշել են, որ վստահ են՝այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու են, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։