կարևոր
2227 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 11:30

Չեխիայում կարանտին է հայտարարվել, Սերբիայում՝ արտակարգ դրություն

Չեխիայում կարանտին է հայտարարվել, Սերբիայում՝ արտակարգ դրություն

Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որոշում ընդունեցինք սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ խոչընդոտել կորոնավիրուսի տարածմանը Չեխիայում»,- ընդգծել է վարչապետը: Կարանտինի կապակցությամբ ավելի ուշ ժամկետ են տեղափոխվում Չեխիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունները: Սահմանների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ գործի են դրվել երկու հազար զինծառայող եւ 400 մաքսավոր: Իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Սերբիան այսօրվանից պատերազմ է մղում անտեսանելի հակառակորդի՝ վիրուսի դեմ, մեր երկիրը պետք է հաղթի: Սահմանադրության, պաշտպանության նախարարի նամակի, իմ նամակի եւ վարչապետի նամակի հիման վրա մենք որոշում ընդունեցինք արտակարգ դրություն մտցնելու մասին»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Սերբիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման 48 դեպքի մամին։