808 դիտում, 2020.03.15 20:44

Կորոնավիրուսի կանխարգելման թեմայով փրկարար ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել

Կորոնավիրուսի կանխարգելման թեմայով փրկարար ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել

Մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խորհրդակցությանը մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։

Քննարկվել են վարչապետի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի  հանձնարարականների կատարման ընթացքը, և արձանագրվել են  հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունները, ըստ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանանումների:

Քննարկվել են  նաև կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության անձնակազմի հետ իրականացնել կրկնակի հրահանգավորում, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները: Հանձնարարվել է բնակչությանը տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դիմել մասնագիտացված բուժկենտրոններ:

Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին հանձնարարվել է Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերի ընթացքում քննարկել և ներդնել ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով/դեպքերով (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ը։

Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնարարվել է իրենց ստորաբաժանումներում ստեղծել 5-10 փրկարարից բաղկացած հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։

Հանձնարարվել է նաև բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ հսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։