կարևոր
1539 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 19:22

Կոչ եմ անում բոլոր գործատուներին կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված անձանց չազատել աշխատանքից․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյբուքյան գրառմամբ կոչ է արել բոլոր գործատուներին նոր կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից։ 

«Կոչս բոլոր գործատուներին

Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։ Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով էր հոսպիտալացվել կինը, անտեսելով աշխատողի իրավունքները երաշխավորող ՀՀ օրենսդրությունը, ազատել է տիկնոջն աշխատանքից հիվանդանոց ընդունվելուց հետո։ Այստեղ անուններ չեմ հրապարակում, քանի որ գործատուն վստահաբար գիտի, թե ում մասին է խոսքը։
Կարծում եմ` սա անընդունելի պրակտիկա է, և կոչ եմ անում բոլոր գործատուներին Կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից, իսկ արդեն իսկ ազատվածներին վերականգնել իրենց նախկին աշխատանքում»,-նշել է Էդմոն Մարուքյանը։