Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերքել է տարածված լուրը, թե իր մայրը, ով Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է` հետազոտել է կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի արդեն հայտնի դարձած կնոջը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Այսպես, ամենայն պատասխանատվությամբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ»,- նշել է Գասպարյանը:
Նա ընդգծել է, որ երեքշաբթի օրն այդ կինը գանգատներով դիմել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունք, անցել ստուգում բժիշկ-թերապևտի և ռենտգենոլոգի մոտ: «Նրա մոտ անմիջապես ախտորոշվել է թոքաբորբ, նշանների մասին թերապևտը հեռախոսով տեղեկացրել է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին՝ մայրիկիս (ինֆեկցիոն բաժանմունքի վարչական շենքն, ի դեպ, գտնվում է քաղաքի մյուս ծայրում): Տեղեկանալով ախտանշաններին և այն հանգամանքին, որ քաղաքացին ժամանել է Իտալիայից, մայրս անմիջապես հրահանգել է դիմել Երևանի Նորքի ինֆեկցիոն բաժանմունք»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը: