կարևոր
2245 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 14:29

Կրկեսային բոլոր ժանրերին տիրապետող արտիստը կդառնար 85 տարեկան. մարտի 15-ը Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Կրկեսային բոլոր ժանրերին տիրապետող արտիստը կդառնար 85 տարեկան. մարտի 15-ը Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Կրկեսի դերասան, մնջախաղաց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը մարտի 15-ին կդառնար 85 տարեկան:
Նա մեծ հռչակ էր վայելում ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: Իր տաղանդի շնորհիվ  նա կարողացել է բարձր մակարդակի հասցնել մնջախաղացի, կրկեսի ծաղրածուի արվեստը:

Մարտի 13-ին՝ Ենգիբարյանի անվան մանկական դպրոց-ստուդիայում հարգել են մեծ արտիստի հիշատակը, ծաղիկներ խոնարհելով նրա լուսանկարների առաջ։ Դպրոցի սաներն էլ իրենց  ելույթներով պատմել  են այն , ինչ գիտեն Ենգիբարյանի մասին:

 Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով՝ Լեոնիդ Ենգիբարյանն առաջին անգամ կրկեսային արվեստում համադրեց դերասանի վարպետությունը կրկեսային հնարքների հետ:

«Նա տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին: Ելույթ էին ունենում ակրոբատները, հետո գալիս էր Ենգիբարյանն ու կրկնօրինակում էր ակրոբատներին՝ ցույց տալով այդ ժանրի բոլոր բարդությունները»,- նշել է Պետրոսյանը: