ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Նախարարի գրառումըէ առանց խմբագրման․
«Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Հիշեցնեմ, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգված են առնվազն մինչև մարտի 23-ը:
- Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց առաջ պատշաճ կազմակերպելու համար:
- Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար:
- Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:
- Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:
- Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար:
- Կայացվել են այլ որոշումներ:
Հ.Գ. այս հավաքից առաջ բոլորի ջերմությունը ստուգվել էր, ձեռքերը ախտահանել էին»,- գրել է ԿԳՄՍ նախարարը։