կարևոր
3187 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 22:35

Պարզաբանում. Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ

Պարզաբանում. Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց, թե իբր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ կապ են հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։ 

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին գտնվելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։
 

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ»,- նշել է Ռևազյանը։

Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։