կարևոր
978 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 14:44

Հայ օգնության միությունը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

Հայ օգնության միությունը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի  գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: Լուրը հայտնում են «Հայաստան« համահայկական հիմնադրամից:

Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ:

Փետրվարի 28-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, իսկ ներկայիս դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 դեպք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։  Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար:

«Ուրախ ենք Առողջապահության նախարարության հետ մեր հերթական արդյունավետ համագործակցության համար: ԱՄՆ–ում արևմտյան շրջանի մեր տեղական մարմնի ջանքերի շնորհիվ՝ սեղմ ժամանակահատվածում կարողացանք ապահովել անհրաժեշտ պարագաների մուտքը Հայաստան», նշում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նշենք որ հիմնադրամը բազում առողջապահական ծրագրեր է իրականացնում: Ամեն տարի ԱՄՆ–ից բժշկական առաքելություն է այցելում Հայաստան և Արցախ  իրականացնելու բազում վիրահատություններ, խորհրդատվություն, ինչպես նաև արդի սարքավորումներով և դեղորայքով են զինվում տեղական բուժկենտրոնները:

Հիմնադրամի կայքում առցանց գործում է նաև «Առողջ Հայաստան» դրամահավաք արշավի հարթակը, որի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ բժշկական ծառայություններ տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներին՝ խթանելով գյուղական բժշկությունը:

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։