կարևոր
1825 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 14:29

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից

Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Այս մասին հայտնում է տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Նույն բովանդակությամբ  լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։

Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքեց տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա  և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։