կարևոր
2154 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 13:20

Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դասերը մինչև մարտի 23-ը դադարեցնելուն և հետագա անելիքներին։ Նախարարի գրառումն անբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված ցուցումները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է.

  • Մինչև մարտի 23-ը Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը դադարեցվում են:
  • Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։
  • Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։
  • Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում նախատեսում է հանդես գալ նման նախաձեռնությամբ։

Վերը նշված սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստանում գործող միջազգային, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին:   

Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրությամբ դիմել է մարզական ֆեդերացիաներին` մինչև մարտի 23-ը զերծ մնալ Հայաստանի տարածքում մարզական, պատանեկան և երիտասարդական միջոցառումներ (առաջնություններ, միջազգային մրցաշարեր և այլն) անցկացնելուց:

  • Այս պահի դրությամբ մշակութային հաստատությունները փակելու որոշում չկա: Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր ու միջոցառումներ այցելելուց:
  • Նախարարությունը կոչ է անում բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
  • Վերը նշված ժամկետների հնարավոր փոփոխությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
  • Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ»: