կարևոր
796 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 20:27

ՔԿ-ն բացահայտել է Զովունիում երեք անձանց խմբի կատարած մի շարք բնակարանային և այլ գողություններ

ՔԿ-ն բացահայտել է Զովունիում երեք անձանց խմբի կատարած մի շարք բնակարանային և այլ գողություններ

Ոստիկանության Նաիրիի բաժին Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի շարք բնակիչներից մարտի 10-ի ժամը 21:50-ից մինչև 23:55-ն ընկած ժամանակահատվածում  հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նշված գյուղի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից և օժանդակ շինություններից կատարվել են գողություններ:

2020թ. մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի (բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակարաններից առերևույթ գողություն կատարած երեք անձանց ինքնությունները, ովքեր Կոտայքի մարզի բնակիչներ են: Վերջիններս հայտնաբերվել, ձերբակալվել և տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Զովունի գյուղի նշված բնակարաններից գողացված իրերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված հանցավոր խմբի կողմից հնարավոր այլ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: