կարևոր
926 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-13 17:00

Հրատապ անհրաժեշտ է իրականացնել մի քանի պարզ, ժողովրդի համար հասկանալի քայլեր. Միքայել Մելքումյան

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ֆեյսբուքում հրապարակում է արել, որտեղ ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը՝ կապված կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ: 

Հրապարակումը ստորև.

«ՀՐԱՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐԶ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՔԱՅԼԵՐ

Հարգելի´ հայրենակիցներ,

Երեկ ես գրել էի, որ անհրաժեշտ է անցնել կառավարման արտակարգ ռեժիմի, դադարեցնել դասապրոցեսը ուսումնական հաստատություններում, դպրոցներում, նաև՝ նախակրթարանների գործունեությունը։
Եվ քանի որ հայտնի պատճառներով հանրային կյանքի տարբեր ոլորտներում ռիսկերից խուսափելու նպատակով առաջացել են առևտրաշրջանառության, ծառայությունների մատուցման, ձեռնարկատիրական գործունեության ծավալների կտրուկ կրճատման գործընթացներ, անհրաժեշտ է՝

1. Կառավարության համապատասխան պատասխանատուները հանդես գան ժողովրդին, փոքր ու միջին ձեռնարկատերերին, ինչու չէ, նաև բոլոր ձեռնարկատերերին ուղղված ուղերձներով , որտեղ կարձանագրվի ստեղծված իրավիճակում պետական կառավարման մարմինների, մարզպետարանների և համայնքապետարանների կոնկրետ գործունեությունն ըստ ժամանակացույցի։
2. Պետական կառավարման մարմինները, մարզպետարաններն ու համայնքապետարանները պետք է անցնեն 24-ժամյա աշխատանքի ռեժիմի։
3. Հաշվի առնելով այն, որ տարբեր ոլորտներում գործող բիզնեսները, միևնույն է, տուժելու են այս կամ այն չափով, անհրաժեշտ է, որ պետությունը նախատեսի ԱՌԱՎԵԼ ՌԻՍԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, որոնց մասին պետք է հրապարակային հանդես գան ոլորտների նախարարները։
4. Այսօր արդեն դրամ-դոլար փոխարժեքը տատանվում էր 490-492 դրամի շրջակայքում, բացառված չեն հաջորդ օրերին կտրուկ թռիչքներ։ Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը հրապարակային հանդես գա փոխարժեքի տատանումները զսպելու ծրագրային ելույթով։ Կենտրոնական բանկը, որպես պետության ֆինանսական կայունությունն ապահովող կառույց, պետք է հստակ իրականացնի իր գործառույթները, այդ թվում՝ առևտրային բանկերի հետ իրականացնելով հակաճգնաժամային ծրագիր, որպեսզի բիզնեսի ռիսկերը մեղմվեն, այդ թվում՝ ՎԱՐԿԵՐԻ և ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՄԱՍՈՎ, քննարկվող ժամանակահատվածի համար։
5. Փոքր և միջին ձեռնարկություններին անհրաժեշտ է տրամադրել ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ԱՄՍՈՎ՝ ԿՈՆԿՐԵՏ ԱՅՍ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ ԶՐՈ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ։
Կարևոր է, որ պահպանվեն աշխատատեղերը։
6. Կառավարությունը պետք է մի որոշ ժամանակահատված առաջ կանխատեսի սպասվող գործընթացները թե´դրսում, թե´ ներսում, և գնահատի ամբողջական կորուստների ծավալները՝ ըստ տնտեսության ոլորտների։
Ակնհայտ է, որ տուժելու է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծավալը, ուստի պետք է իրականացնել նոր որակի դրամավարկային օպերատիվ քաղաքականություն։
7. Մի պարզ բան ևս. այսօր ես Երևանի կենտրոնում մտա 7-8 դեղատուն, որոնցից միայն մեկում՝ Պուշկին-Փարպեցի հատվածում գտնվող դեղատանը կային ախտահանիչ նյութեր։ Սա նորմալ երևույթ չէ։
8. Հրատապ ձևավորել ինֆեկցիոն մեկուսացման ռեժիմի անհրաժեշտ թվաքանակի և համապատասխան սպասարկմամբ հիվանդանոցային մահճակալներ։
9. Եվ վերջում՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ Ազգային ժողովը պետք է ընդունի կառավարման արտակարգ ռեժիմի գործընթացն ապահովող համապատասխան օրենքներ՝ հատուկ ընթացակարգով։

Մենք միշտ պետք է հիշենք, որ այս թշնամուն՝ վիրուսին կարող ենք հաղթել միայն մեր կազմակերպվածությամբ»,- գրել է Մելքումյանը։